Մայիսի 17-ին՝ ժամը 21:27-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արցախի պողոտայի թիվ 24 շենքի հարակից տարածքում տեղի է ունեցել ավտոպատահար և հրդեհի բռնկում, կան տուժածներ։
ԱԻՆ լրատվական ծառայության հաղորդագրության համաձայն՝ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը (պարամեդիկներով), փրկարարական ուժերի վարչության օպերատիվ խումբը։
Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են թիվ 76 երթուղու «ԳԱԶել» մակնիշի 3456 Տ պետհամարանիշի և «Մերսեդես» մակնիշի 23 ՍԼ 673 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով տեղի է ունեցել հրդեհի բռնկում։ Տեղում զոհվել են «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ու առջևի երկու ուղևորները և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1987թ.-ին ծնված Սերգեյ Բաղշյանը։
Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Երևան քաղաքի «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխվել 9 ուղևոր. Երևան քաղաքի բնակիչներ, 1957թ.-ին ծնված Վալերի Պետրոսյանը, 1957թ.-ին ծնված Հովսեփ Փափազյանը, 1978թ.-ին ծնված Աննա Խաչատրյանը, 1996թ.-ին ծնված Մարիաննա Մուրադյանը, 1991թ.-ն ծնված Հռիփսիմե Ստեփանյանը, Սիսիան քաղաքի բնակիչներ, 2004թ.-ին ծնված Գոռ Հայրապետյանը և 1990թ.-ին ծնված Գեղամ Գաբրիելյանը, Գյումրի քաղաքի բնակիչ, 1984թ.-ին ծնված Մուշեղ Գևորգյանը և Արագածոտնի մարզի Արագած գյուղի բնակիչ, 1993թ.-ին ծնված Գոռ Պապոյանը։
Մինչ շտապօգնության ժամանումը պարամեդիկների կողմից տուժածներին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն: Փրկարարների ուժերով ավտոմեքենաներից դուրս են բերվել այրված դիակները և հանձնվել շտապօգնության աշխատակիցներին։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.36-ին, մարվել`22.35-ին։
Ավտոմեքենաները այրվել են ամբողջությամբ։
Գոռ Հայրապետյանը տեղափոխվել է այրվածքների կենտրոն. առողջական վիճակը գնահատվում է ծանր` ստացել է ոտքերի և նստատեղի այրվածքներ (25%), գտնվում է շոկային վիճակում։
Ըստ հերթապահ բժիշկների՝ Գ.Հայրապետյանի, Գ.Պապոյանի, Հ.Ստեփանյանի և Մ.Մուրադյանի առողջական վիճակը կայուն ծանր է, իսկ մյուս տուժածներինը՝ բավարար։
Տեսանյութը «Ա1+»-ի «Քո աչքերով» էջում տեղադրել է ընթերցողը։
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի