Այսօր «Կովկաս-2010» միջազգային գիտաժողովի ընթացքում «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրի գլխավոր խմբագիր Ֆյոդոր Լուկյանովը ներկայացրեց զեկույց` Ռուսաստանի արտաքին քաղաքականության շուրջ: Ըստ փորձագետի` Ռուսաստանի արտաքին քաղաքականության առանցքում ընկած է ԱՊՀ երկրների համար միակ կենտրոնը մնալու մղումը:
«Ուկրաինայի հետ հարաբերություններում Ռուսաստանն առաջնորդվում է «հնարավորինս քիչ վնասի» սկզբունքով: Բելառուսի հետ զուտ առևտրական հարաբերություններ են` առանց որևէ իմիտացիայի: Առհասարակ փոխվել է Ռուսաստանի վերաբերմունքը ԱՊՀ բոլոր երկրների հանդեպ, այդ թվում` կովկասյան երկրների»,- վերջին մի քանի տարիների զարգացումները վերլուծելով` ասում է Ֆյոդոր Լուկյանովը:
Արտաքին քաղաքականության փոփոխությունը Ֆյոդոր Լուկյանովը պայմանավորում է Ռուսաստանի ինքնագնահատականի փոփոխությամբ: Փորձագետն այս կարևոր հետևությունն անում է այն փաստից, որ Ռուսաստանը դեմ չքվեարկեց Լիբիայում ռազմական գործողություններ սկսելու առաջարկին: Հիշեցնելով, որ սա ռազմական գործողություններ սկսելու մասին առաջին որոշումն էր, որին Ռուսաստանը դեմ չէ` Ֆյոդոր Լուկյանովը կարծում է, որ այդ փաստը վկայում է այն մասին, որ Ռուսաստանն իրեն այլևս գլոբալ կայսրություն չի համարում: «Գոնե Մեդվեդևը այդ կարծիքին է հիմա, մինչդեռ Պուտինը համաձայն չէ իհարկե և կարծում է, որ Ռուսաստանը շարունակում է կայսրություն մնալ»,- ասում է Լուկյանովը:
Անդրադառնալով Հարավային Կովկասի երկրների հետ Ռուսաստանի հարաբերություններին` փորձագետը նշում է, որ վերջին երեք-չորս տարիներին Ռուսաստանի քաղաքական շրջանակներում սկսել են առավել հստակ գիտակցել Ադրբեջանի կարևորությունն իրենց համար: «Ռուսաստանը ունի նաև պարտականություններ Հայաստանի առջև ու ամեն ինչ կանի երկու պետությունների միջև ընտրություն անելու դիլեմայից խուսափելու համար»,- կարծիք է հայտնում Ֆյոդոր Լուկյանովը: