Մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասերից մեկում պահակախմբի մուտքի դիտորդ Դավիթ Խաչատրյանի կրակոցից տեղում մահացել էր 19-ամյա զինծառայող Լյուքս Ստեփանյանը, իսկ 19-ամյա Հրաչյա Սարգսյանը՝ ծանր վիրավորվել:
Մուրացանի հոսպիտալում բուժում ստանալուց հետո Հրաչյա Սարգսյանին տեղափոխել են Հայկական Կարմիր խաչի հիվանդանոց, քանի որ նրա ձախ կողը անզգայացել է:
«Այս պահին հիվանդանոցում մարզանքներ և մերսումներ են անում, և որոշ առաջխաղացում կա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հրաչյայի հայրը՝ Վաղինակը:
Հարցին՝ բժշիկները խոստանո՞ւմ են լիակատար վերականգնում, Վաղինակ Սարգսյանը պատասխանեց. «Վերևը՝ Աստված, ներքևը՝ մենք. միգուցե և հնարավոր է»:
Թե մայիսի 15-ին ինչ է տեղի ունեցել զորամասում՝ Հրաչյան մինչև հիմա որևէ բան չի հիշում: Իսկ Լյուքս Ստեփանյանի հոր դիտարկմանը՝ ինչպե՞ս կսրող է Հրաչյան ամեն ինչ հիշել, և միայն այդ օրվա տեղի ունեցածը չհիշել, Վաղինակը նկատեց. «Հաստատ չի հիշում, և արդեն իսկ մինչև նրա՝ կոմայից դուրս գալը խոսում էին այն մասին, որ շատ հնարավոր է՝ հիշողության մեծ կորուստ ունենա: Մեր բախտը բերել է, որ այդ մեծ կորուստը չկա, բայց որ չի հիշում՝ դա փաստ է, նաև բժշկությունն է դա ապացուցում: Հիմա թե ով ինչպես կմտածի՝ ամեն մարդ իր խղճի չափով»:
Հոր խոսքով՝ շատ կուզեր, որ որդին ամեն ինչ հիշեր, քանի որ դա կնշանակեր՝ վերականգնվել է որդու մկանային հիշողությունը, իսկ իրենք էլ այսքան չէին տառապի:
Հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է Հրաչյայի տրամադրությունը, ինչպե՞ս է տրամադրված կյանքի հանդեպ: «Ինքը միշտ էլ եղել է կյանքով լի տղա, և այսօր էլ ամեն ինչ անում եմ, որ նա մի վայրկյան չկասկածի իր առողջականի մասին, շատ դժվար է»,- խոստովանեց հայրը՝ ավելացնելով, որ երբ տղան մի պահ մտածում է, թե կարող է ամբողջովին չվերականգնվել, ինչպես ցանկացած նորմալ մարդ՝ նրա մոտ էլ է տրամադրության անկում նկատվում:
«Որևէ մեկը չգիտի, թե Հրաչյայի բուժումն ինչքան կտևի, ինչպես կընթանա, առաջընթաց երևում է, բայց անպես չէ, որ վեր է կենում ու վազում, բայց առաջընթաց կա»,- ասաց նա:
Հայրը նշեց, որ զինվորականներից դժգոհ չէ, հրամանատարներից՝ նույնպես: Նրանք զանգում են, գալիս, հետաքրքրվում Հրաչյայի առողջությամբ:








































