Ինչպես հիշում ենք, Երևան-Ստեփանակերտ չվերթի շահագործման դեպքում Ադրբեջանը պետական մակարդակով սկսեց սպառնալիքներ հնչեցնել:
Այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում արձագանքելով այս հարցին` ՀՀ ՊՆ Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի հակաօդային պաշտպանության ֆակուլտետի ամբիոնի պետ, գնդապետ Հայկազ Գևորգյանը նշեց, որ Ադրբեջանը մոռացել է միջազգային համաձայնագրերի մասին: «Չէ՞ որ սա քաղաքացիական չվերթ է, պատերազմական չէ, կործանիչ ավիացիա չէ: Ինձ չի թվում, որ իրենք կգնան այդ քայլին: Սակայն, եթե գնան էլ, մենք պատրաստ ենք հակահարված տալ»,- հայտարարեց Հայկազ Գևորգյանը և ավելացրեց, որ Երևանը և Մեծամորի ատոմակայանը պաշտպանված են օդային հարձակումներից:
Գնդապետի խոսքերով, այսօր կան անօդաչու թռչող սարքեր, և մենք պայքարում ենք նաև այդ ինքնաթիռների դեմ: «Մեր ցավոտ կողմը անօդաչու ինքնաթիռների ցածր թռիչքներն են. սրա դեմ մենք սարքել ենք էշոլոնացված հակաօդային պաշտպանություն: Նրանց հայտնաբերելու համար ունենք նույնպես ժամանակակից տեխնիկաներ, որոնք թույլ են տալիս փոքրաչափ այդ սարքերը հայտնաբերել ժամանակին և ոչնչացնել»,- լրացրեց Հայկազ Գևորգյանը: