Ամերիկացի երգիչ Ջասթին Թիմբերլեյքը և նրա կինը՝ դերասանուհի Ջեսիկա Բիլը, կօգնեն Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի ընտրարշավի համար միջոցների հավաքմանը՝ տեղեկացնում է ամերիկյան People ամսագիրը:
Աստղային զույգը օգոստոսի 23-ին կանցկացնի միջոցառում, որի մասնակիցները պետք է խոշոր գումարներ փոխանցեն դեմոկրատների հաշիվներին: Սկզբում ծրագրված էր, որ այդ գործով կզբաղվի Լեոնարդո Դի Կապրիոն, որը վերջին ամիսներին ակտիվորեն աջակցում էր Հիլարի Քլինթոնին: Սակայն, հավանաբար, զբաղվածությունից ելնելով՝ նա Ջասթինին և Ջեսիկային խնդրել է փոխարինել իրեն, և նրանք համաձայնել են:
Variety ամսագրի տվյալներով՝ հյուրերից յուրաքանչյուրին միջոցառումը կարժենա 33.4 հազար դոլար, որից 2.7 հազար դոլարը կծախսվի Քլինթոնի ընտրարշավի վրա:
Միջոցառմանը ներկա կգտնվի անձամբ Հիլարի Քլինթոնը: Դեմոկրատական կուսակցության հիմնադրամի միջոցների համալրմանը մասնակցում է նաև մեկ այլ հայտնի դերասան՝ Ջորջ Քլունին:











































