Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ, Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերն այս տարվա հոկտեմբերին կայցելի Ադրբեջան: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Ավստրիայի դեսպան Սիլվիա Մայեր-Կայբիչը:
Վերջինիս խոսքերով` ներկայումս ընթանում են այդ այցի նախապատրաստական աշխատանքները: Ակնկալվում է, որ այցի շրջանակներում երկու երկրները կստորագրեն մի շարք համաձայնագրեր ու հուշագրեր, որոնք հիմնականում վերաբերելու են տնտեսական և մշակութային ոլորտներին:
Ավստրիացի դեսպանի խոսքերով, մինչ նախագահի այցը, սեպտեմբերին Ադրբեջան կայցելի ավստրիացի գործարարների պատվիրակությունը, որը կմասնակցի Ադրբեջան-Ավստրիա երկրորդ գործարար ֆորումի աշխատանքներին:
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի կեսերին Հայնց Ֆիշերը հայտարարել էր, թե Ավստրիան մեծ կարևորություն է տալիս ԵՄ-ի ընդլայնմանն ու «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում ընդգրկված երկրների (այդ թվում՝ նաև Ադրբեջանի) հետ իր հարաբերությունների զարգացմանը: