ՀՀ ՊՆ Մարշալ Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի հակաօդային պաշտպանության ֆակուլտետի ամբիոնի պետ, գնդապետ Հայկազ Գևորգյանը նշեց, որ մայիսի 17-ը, ավելի ճիշտ` մայիսի երրորդ կիրակին, նշվում է որպես հակաօդային պաշտպանության օր:
Այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում նա տեղեկացրեց, որ հակաօդային պաշտպանությունը ստեղծվել է խորհրդային բանակի՝ տարածաշրջանում առկա զորամասերի հիման վրա, իսկ 1992 թվականի մայիսից, երբ ազատագրվեցին Շուշին և Լաչինի (այժմ՝ Բերձոր) միջանցքը, հակաօդային պաշտպանությունը տեղափոխվեց Ղարաբաղ։ Ավելին, 1992 թվականին առաջին անգամ Ղարաբաղում՝ Խազազ կոչվող բարձունքին, հրետանավոր, ազգությամբ ռուս Վիտալիկի կողմից խփվեց «Կոկորդիլոս» անվամբ ուղղաթիռը։ Սա հետագայում դարձավ մեր հակաօդային պաշտպանության առաջին հաղթանակը: 1992 թվականի սեպտեմբերի 1-ին Հայկազ Գևորգյանի կողմից կազմավորվեց հակաօդային պաշտպանությունը, և, ըստ հերթականության, կազմավորվեցին ներկայումս առկա հակաօդային պաշտպանության զորամասերը:
2000 թվականից սկսել ենք մասնակցել ԱՊՀ երկրների հակաօդային պաշտպանության միացյալ հավաքներին: 1999 թվականից մինչ օրս մասնակցում ենք ԱՊՀ երկրների հակաօդային պաշտպանության միջոցառումներին: 2005 թվականին գերժամանակակից տեխնիկայով, S-300 համակարգով մենք երեք հաշվարկները փայլուն կատարեցինք և ստացանք գերազանց։ Մեր այդ ձեռքբերումներին ականատես է եղել անձամբ Ադրբեջանի նախագահը և հասկացել է, թե մեր հակաօդային պաշտպանությունը ինչ բարձր դիրքերում է: