«Բաքուն և Երևանը վերջին երկու օրերին փոխանակել են թշնամական ելույթներ։ Կիրակի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ հայտարարեց, որ Բաքուն Ղարաբաղյան խնդիրը ցանկացած պահի ուժի միջոցով կարող է լուծել։ Հաջորդ օրը Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հարվածը ետ մղեց` ասելով. «Անհրաժեշտության դեպքում հայկական բանակը Ադրբեջանին կպարտադրի խաղաղություն… մենք ի վիճակի ենք պաշտպանել մեր երկիրը, մեր հողը»,– գրել է Независимая газета–ն այսօր հրապարակած «Принуждение к войне» հոդվածում։
Անդրադառնալով հնարավոր պատերազմին՝ թերթը նշել է, որ ռազմական գործողություններում այդուհանդերձ ներգրավվելու են հարևան երկրները. «Թուրքիան՝ որպես Ադրբեջանի ռազմավարական գործընկեր, Ռուսաստանը՝ Հայաստանի։ Վրաստանը, որտեղ ապրում են ադրբեջանական և հայկական համայնքների ներկայացուցիչներ, ևս կարող է զերծ չմնալ պատերազմից»,– գրում է թերթը։
Ռազմական փորձագետները, մեկնաբանելով Երևանի և Բաքվի հայտարարությունները, նշում են, որ չնայած Ադրբեջանը նավթադոլարների շնորհիվ կարողացել է տեխնիկական առումով առավելության հասնել Հայաստանի նկատմամբ և մեծացնել բանակը, այդուհանդերձ, ռազմական գործողություների ժամանակ այդ առավելությունը կփոխհատուցվի բարդ լեռնային ռելիեֆով և հարձակվողի նկատմամբ պաշտպանվող կողմի ավանդական առավելությամբ։ «Կարևոր է նաև բարոյակամային պատրաստվածությունը, բանակային ոգին։ Եվ այստեղ ես չէի ասի, թե Ադրբեջանը որևէ առավելություն ունի, հակառակը։ Թեկուզ հենց այն պատճառով, որ հայերը կպաշտպանեն իրենց տներն ու օջախները՝ ոչ թե ռազմահայրենասիրական դաստիարակության մակարդակով, այլ բավականին կոնկրետ։ Բայց, Աստված չանի, որ բանը դրան հասնի, նոր լոկալ պատերազմը կարող է պայթեցնել ողջ տարածաշրջանը»,– թերթին ասել է զրուցակիցը։