OPEC անդամ երկրները կոչ են անում նավթի գինը բարձրացնել մինչեւ $100-ի` պատճառաբանելով դա սղաճով եւ դոլարի` աշխարհի հիմնական արտարժույթների նկատմամբ փոխարժեքի անկմամբ: OPEC մի շարք անդամներ պնդում են, որ մեկ բարելն առնվազն $20-ով ավել պետք է լինի, քան այժմյան գները: «Մենք ցանկանում ենք, որպեսզի նավթի գները հասնեն $100 մեկ բարելի դիմաց: Մենք գումարներ ենք կորցնում: Լիբիան ցանկանում է ունենալ նավթի ավելի բարձր գներ», հայտարարել է Լիբիայի ազգային նավթային կորպորացիայի նախագահ Շաքրի Գանեմը:
Այսօր առավոտյան դոլարի ինդեքսը, որը ներառում է ամերիկյան արտարժույթի հարաբերակցությունը, ԱՄՆ 6 հիմնական գործընկեր երկրների արտարժույթներին հասել է 76,52 կետի, ինչը 6,1%-ով պակաս է, քան վեց ամիս առաջ: