Ֆրանսիական դատարանը կալանքի տակ է դրել գործարար Բեռնար Տապիի ակտիվների ու ունեցվածքի վրա՝ Adidas ընկերության վաճառքի վիճահարույց գործարքի վերաբերյալ գործի հետաքննության շրջանակում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Մասնավորապես, կալանքի տակ է հայտնվել Սան Տրոպեում գտնվող Տապիի «Մանդելա» առանձնատունը, որի արժեքը կազմում է 48 միլիոն եվրո, փարիզյան հյուրանոցներից մեկում ունեցած 69.3 միլիոն եվրոյի հասնող նրա մասնաբաժինը, ինչպես նաև նրա մասնաբաժինները Provence և Nice-Matin պարբերականներում և այլն:
Նշենք, որ Տապին եղել է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի մտերիմը: Adidas-ը վաճառվել է 1993 թվականին: Գործարքի իրականացման համար ստեղծվել է կոնսորցիում, որը ղեկավարել է պետական Credit Lyonnais բանկը: Գործարքի ավարտին Տապին բանկին մեղադրել է մեքենայությունների մեջ և վնասի փոխհատուցում պահանջել: 2007 թվականին Ֆրանսիայի ֆինանսների նախարար Քրիստին Լագարդը, որը ներկայում գլխավորում է ԱՄՀ-ն, հանձնարարել է Տապիի գործը փոխանցել արբիտրաժային դատարան՝ արագացնելու հարցի քննարկումը: Մեկ տարի անց փոխհատուցման վճարման մասին ընդունված որոշումը հանգեցրել է սկանդալի: Որպես փոխհատուցում՝ ձեռնարկատերը բանկից ստացել է մոտ 403 մլն եվրո:
Ընդդիմադիրները մեղադրել էին իշխանություններին դատական գործընթացին միջամտելու և դատական համակարգի վրա ճնշում գործադրելու մեջ:
Հունիսի վերջին կոնսորցիումը բողոքարկում է ներկայացրել: Հանցավոր խմբի կազմում Տապիի դեմ մեքենայությունների մեղադրանքներ են առաջադրվել հունիսի 28-ին:











































