Մանհեթենի քրեական դատարանը երեկ որոշում է կայացրել կալանքի տակ թողնել Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Դոմինիկ Ստրոս Կանին, որը մեղադրվում է բռնաբարության փորձ կատարելու մեջ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Դատարանը չհամաձայնեց գրավի դիմաց արձակել Ստրոս Կանին (փաստաբաններն առաջարկել էին 1 միլիոն դոլար՝ ԱՄՀ ղեկավարին գրավի դիմաց բաց թողնելու համար): Դատախազությունը մտահոգություն էր հայտնել, որ գրավի դիմաց ազատ արձակվելուց հետո Դոմինիկ Ստրոս Կանը կարող է լքել երկիրը: Հաջորդ նիստը կայանալու է մայիսի 20-ին:
Հիմա ԱՄՀ ղեկավարին տեղափոխել են Նյու Յորքի փոքր կղզիներից մեկի վրա տեղակայված բանտերից մեկը` Ռայքերս Այլենդ։ Այստեղ պահվում են կրկնահանցագործները և անտուն հանցագործները:
Հիշեցնենք, որ ԱՄՀ ղեկավարը ձերբակալվել է մայիսի 15-ին Նյու Յորքի օդանավակայանում, երբ պատրաստվում էր թռչել Եվրոպա: Նրան մեղադրել են այդ քաղաքի հյուրանոցներից մեկում սպասուհուն բռնաբարելու փորձ կատարելու մեջ: