Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը հակամարտության 10 ամիսներից հետո անակնկալ է դարձել և տագնապ առաջացրել Արևմուտքում: Այս մասին գրում է The New York Times թերթը՝ մեկնաբանելով Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ օգոստոսի 9-ին Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումը:
«Ոչ ոք չէր կարող այդպիսի արմատական փոփոխություններ կանխատեսել երկու պետությունների հարաբերություններում, գոնե այդպես արագ»,- գրել է հրատարակությունն՝ ընդգծելով, որ Ռուսաստանը և Թուրքիան «սիրիական պատերազմում հակամարտող կողմեր են», իսկ նրանց ղեկավարների միջև հարաբերությունները վատթարացան այն բանից հետո, երբ նոյեմբերին թուրքական կործանիչը խփեց ռուսական Սու-24 ռմբակոծիչը:
Հոդվածի հեղինակներն ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ նախագահների հանդիպումն անցել է «Թուրքիայի և Արևմուտքի միջև լարվածության աճի ֆոնին»: Ինչպես նշում է թերթը, «բուն փաստի սիմվոլիզմը, որ երկու նախկին հակառակորդները մեկտեղվել են բարեկամական զրույցի համար, բավական էր, որպեսզի տագնապ հարուցեր Արևմուտքի մայրաքաղաքներում», քանի որ Թուրքիան, բացի այն, որ ՆԱՏՕ-ի անդամ է, կարեւորագույն դեր է խաղում Եվրոպայի ջանքերում, որը փորձում է դադարեցնել միգրանտների հոսքը Սիրիայից և Աֆղանստանից:
The New York Times-ի կարծիքով՝ «երկու երկրների (Թուրքիայի և Ռուսաստանի) միջև ապագա ցանկացած համաձայնություններ կարող են լուրջ հետևանքներ ունենալ Մերձավոր Արևելքի և Եվրոպայի համար»։