Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սանկտ Պետերբուրգ կատարած այցի ժամանակ «բացահայտորեն փնտրում էր Ռուսաստանի բարեհաճությունը»: Այդ մասին գրում է Washington Post թերթը՝ ամփոփելով ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի ղեկավարի բանակցությունների արդյունքները:
Հրատարակությունը նշում է, որ սույն արտասահմանյան շրջագայությունը Էրդողանի համար առաջինն է դարձել հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման ձախողված փորձից հետո: Ամերիկացի լրագրողների կարծիքով՝ Թուրքիայի նախագահը «բացահայտորեն փնտրում էր Ռուսաստանի բարեհաճությունը»: Դրանում լրագրողները տեսել են «ցայտուն հակադրություն Մոսկվայի նկատմամբ այն թշնամական գործողությունների հետ», որոնք տեղի էին ունենում ոչ վաղ անցյալում:
Թերթն ընթերցողների ուշադրությունն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Էրդողանը Պուտինին անվանել է «իմ թանկագին բարեկամ», ինչպես նաև «բազմիցս շնորհակալություն է հայտնել նրան հեղաշրջման փորձից հետո արագ օգնություն տրամադրելու համար»: Բացի դրանից, ինչպես նշել է հրատարակությունը, Թուրքիայի ղեկավարը խոսել է այն մասին, որ «երկու երկրների միջև հարաբերությունները կվերադառնան մինչճգնաժամային կամ նույնիսկ ավելի բարձր մակարդակ»:
Միևնույն ժամանակ Washington Post-ը «հավանական» է համարում, «որ բանակցությունները կհանգեցնեն Արևմուտքում Թուրքիայի քաղաքական ուղեգծի հետ կապված մտահոգությունների աճի, որտեղ հեղաշրջման փորձի ալիքին ավելի ու ավելի շատ են գործադրվում անձնիշխանական մեթոդներ»։