11-ամյա մեքսիկացի տղան, որի ինտելեկտի մակարդակը համեմատելի է Ալբերտ Էյնշտեյնի ինտելեկտի հետ, հարցազրույցի կմեկնի Մեխիկոյում ԱՄՆ դեսպանատուն, որտեղ կորոշեն Հարվարդի համալսարանում տղայի սովորելու հարցը: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
Փորձագետները 11-ամյա Լուիս Ռոբերտո Ռամիրեսի IQ-ն գնահատում են 152-160, ինչը մոտավորապես համապատասխանում է Էյնշտեյնի ինտելեկտուալ մակարդակին: Տեղի ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ փոքրիկ հանճարը 10 շաբաթում ավարտել է քոլեջներից մեկի նախապատրաստական դասընթացները, որոնք հետագայում թույլ են տալիս համալսարանական կրթություն ստանալ: Քոլեջի դասավանդողների խոսքերով՝ քննություն հանձնած 47 առարկաներից Ռամիրեսը 9 միավոր է ստացել միայն մեկ առարկայից, մնացածներից ստացել է առավելագույն 10 միավոր:
Փոքրիկ տղայի երազանքն է սովորել Հարվարդի համալսարանում, որտեղ նա կցանկանար ուսումնասիրել քվանտային ֆիզիկա:
Ռամիրեսի ծնողները հայտարարել են, որ Միչոական նահանգի իշխանությունները, որտեղ նա ծնվել է, համակողմանի օգնություն են ցուցաբերել իրենց: Նրանք արդեն այցագիր ստանալու հարցում են ուղարկել ԱՄՆ դեսպանատուն, և հաջորդ շաբաթ արդեն պարզ կդառնա՝ արդյոք տղային թույլ կտա՞ն մեկնել ուսումը շարունակելու, թե՞ ոչ:








































