Վրացական Apsny.ge կայքի փոխանցմամբ, Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի շտաբ-կայանում բացվում է Աֆղանստանում եղած վրաց խաղաղապահների լուսանկարչական ցուցահանդեսը: Դրանում ընդգրկված է մոտ 80 լուսանկար:
Ցուցահանդեսի բացումը կատարելու են Վրաստանի փոխվարչապետ Գեորգի Բարամիձեն և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Կլաուդիո Բիզոնիերոն:
Այս կապակցությամբ Բարամիձեն նշել է. «ՆԱՏՕ-ն բարձր գնահատական է տալիս միջազգային առաքելություններին վրաց զինծառայողների մասնակցությանը: Չնայած դրանց ընթացքում Վրաստանը կորուստներ է կրել, մենք կանգնած ենք մեր ընկերների կողքին և կատարում ենք մեր ընդհանուր գործը, ինչը, վերջին հաշվով, ծառայում է Վրաստանի շահերին»:
Հիշեցնենք, որ Վրաստանն Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցության ուժերի (ISAF) գործողություններում ընդգրկվել է 2009 թվականին: Ներկա դրությամբ, Աֆղանստանում է գտնվում վրաց 950 խաղաղապահ: