Արաբական Միացյալ Էմիրությունների բարձրաստիճան պատվիրակությունը մեկնել է Եգիպտոս՝ անցումային ժամանակաշրջանում իրենց օգնությունն առաջարկելու նոր իշխանություններին: Այս մասին հաղորդում է Sky News Arabia հեռուստաալիքը:
Ինչպես ակնկալվում է, պատվիրակությանը կընդունի Եգիպտոսի ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրը, պաշտպանության նախարար Աբդելֆաթահ Ալ-Սիսին և արտգործնախարար Մուհամմադ Քամիլ Ամրը:
«Բանակցություններին պատվիրակությունը կպարզի, թե անցումային ժամանակաշրջանում Եգիպտոսին ինչ օգնություն է անհրաժեշտ»,- հաղորդել է հեռուստաալիքը:
ԱՄԷ-ն առաջիններից մեկն է արձագանքել Եգիպտոսում տեղի ունեցած փոփոխություններին: ԱԳՆ-ը համոզված է, որ Եգիպտոսի ժողովուրդը կկարողանա հաղթահարել բարդությունները և ապագայում հասնել անվտանգության և ծաղկման: ԱՄԷ-ն ողջունել է նաև բանակի դերը, որը, նրանց կարծիքով, ամուր վահան է դարձել իր ժողովրդի համար:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ եգիպտական բանակն իշխանությունից հեռացրել է իսլամիստ նախագահ Մուհամմադ Մուրսիին:











































