Նոր ժամանակներ կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը «Առաջին լրատվականի» հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենք պատրաստվում են գաղափարական նոր դաշինք ստեղծել:
«Նման դաշինքի կարիք կա Հայաստանում: Այդ դաշինքում տեսնում եմ երեք ավանդական կուսակցություններին և երկու համեմատաբար նոր ուժերի` Ժառանգությանն ու Նոր ժամանակներին, որոնք ազգային պետական դոկտրինի կողմնակից են»,- ասաց Կարապետյանը` հավելելով, թե հիմա կա ավելի ազատական հիմքերի վրա ստեղծվող երկխոսություն:
Արամ Կարապետյանը նշեց, թե ազատականների կողքին ազգայնական դաշինքի ստեղծումը ժամանակի հրամայականն է, և դրանից կշահի երկրի առաջընթացը: Արամ Կարապետյանը նշեց, թե ինքը դաշինք կազմավորելու մասին խոսակցություն ունեցել է ՀՌԱԿ և ՍԴՀԿ համաշխարհային կառույցների ղեկավարության հետ, և վերջիններս կիսել են իր գաղափարը: