Ֆրանսուհի լրագրող և գրող Տրիստան Բանոնն այսօր հայտարարել է, որ դատի է տալիս Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Դոմինիկ Ստրոս Կանին բռնաբարության փորձ կատարելու համար: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը:
Նա պատրաստվում է հայց ներկայացնել ընդդեմ Ստրոս Կանի` 2002թ. տեղի ունեցած միջադեպի համար: Այն, որ այս միջադեպը տեղի է ունեցել` լրագրողներին հայտնի էր դարձել դեռ 2007թ.-ին, սակայն ֆրանսուհին իր մոր խնդրանքով, որն այն ժամանակ եղել է Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության անդամ, հրաժարվել էր դրա մասին բարձրաձայնել և ընթացք տալ: Այս մասին այսօր գրում է Le Figaron: Տեղեկացնենք, որ Ստրոս Կանը Սոցիալիստական կուսակցության առաջնորդներից է, իսկ հաջորդ տարի պատրաստվում էր առաջադրվել որպես Ֆրանսիայի նախագահի թեկնածու:
Ըստ Բանոնի` քաղաքական գործիչը փորձել է իրեն բռնաբարել հարցազրույցի ժամանակ, որը նրա հետ անցկացրել է իր գրքի համար: Միջադեպի այլ մանրամասներ չեն նշվում
Հիշեցնենք, որ ԱՄՀ ղեկավարը ձերբակալվել է երեկ Նյու Յորքի օդանավակայանում, երբ պատրաստվում էր թռչել Եվրոպա: Նրան մեղադրել են այդ քաղաքի հյուրանոցներից մեկում սպասուհուն բռնաբարելու փորձ կատարելու մեջ: