Մայիսի 19-20-ը Երևանում կկայանա «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը և Հարավային Կովկասը. Խաղաղության հեռանկարները և անվտանգությունը տարածաշրջանում» խորագրով կոնֆերանս: Այս մասին Новости-Армения լրատվական գործակալությանն է հաղորդել ՀԱՊԿ մամուլի ծառայության ղեկավար Վլադիմիր Զայնեթդինովը:
Կոնֆերանսին մասնակցելու են ՀԱՊԿ ղեկավար Սերգեյ Բորդյուժան և Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Ըստ մամուլի քարտուղարի` մասնակցելու են կազմակերպության անդամ երկրների առաջատար մասնագետներն ու փորձագետները, քաղաքագետներ, հասարակական կազմակերպությունների անդամներ: Քննարկվելու են ճգնաժամային արձագանքման համակարգի արդյունավետության բարձրացման հարցերը, կովկասյան և եվրոպական տարածաշրջաններում գոյություն ունեցող խնդիրները, Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորման հեռանկարները և այլն:
Միջազգային կոնֆերանսին մասնակցելու են ՆԱՏՕ-ում ՌԴ ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինը, Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Յուրի Զուբակովը, Հայաստանի ՊՆ ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի ղեկավար Հայկ Քոթանջյանը և ՀԱՊԿ անդամ այլ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ: