ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ներկայացնելով իր ղեկավարած ոլորտի 2010 թ. բյուջեի կատարողականը, նկատեց, որ այն բավական բարձր է` ամբողջ ոլորտինը 98.2 տոկոս է, ԿԳՆ-ի բյուջեի կտարողականը` 91.2 տոկոս:
«Կատարողականը 100 տոկոսից տատանում է տվել երկու հիմնական պատճառով` 2010 թ. կար աշակերտների և ուսանողների թվի նվազում` դա վերաբերում է կրթության բոլոր աստիճաններին: Երկրորդ պատճառը կապված է խնայողությունների հետ, որոնք կատարվել են հիմնականում նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտում` շուրջ 500 մլն խնայողություն»:
Աշոտյանն առանձնացրեց Վրաստանում հայոց լեզվի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը: Նա նաև տեղեկացրեց, որ 12.6 մլն դրամ է տրամադրվել Ջավախքի հայկական դպրոցներին գույքի ձեռք բերման նպատակով, որը կատարվել է 77 տոկոսով: Ընդհանուր առմամբ, Ջավախքում իրականացվող կրթական ծրագրերի համար տրամադրվել է 30 մլն դրամ:
Նախարարը նաև ընդգծեց, որ նախարարության խնայողությունների շնորհիվ հնարավոր է եղել սոցիալապես անապահով և բարձր առաջադիմություն ունեցող առաջին կուրսի ուսանողների ուսման վարձի փոխհատուցում իրականացնել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի միջոցով. ծրագրին մասնակցել է 600 ուսանող, հատկացվել է 60 մլն դրամ:
Նա նաև խոսեց դպրոցների համակարգչայնացման մասին և նկատեց, որ Հայաստանը ցանկանում է այդ առումով համապատասխանել եվրոպական կրթական ծրագրերին. «Մեկ տարվա ընթացքում 2500 համակարգիչ տրամադրվել է Հայաստանի դպրոցներին, իսկ 100 համակարգիչ` ԼՂՀ դպրոցներին»:
Հայաստանյան բուհերի բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ընդունելության համար ԼՂՀ քաղաքացիների համար ստեղծվել են նպաստավոր և արտոնյալ պայմաններ:
Աշոտյանը նաև տեղեկացրեց, որ 2010 թ. դադարեցվել են 25 մասնավոր բուհերի լիցենզիաները: