Երեկ հայաստանյան եկեղեցիներում նշվել է Պայծառակերպության տոնը: Վարդավառը կամ Քրիստոսի Պայծառակերպությունը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է։
Տոնը նշվում է Սուրբ Զատիկից 98 օր հետո` հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում։ Վարդավառի հաջորդ օրը ոչ աշխատանքային օր է՝ Մեռելոց:
Ննջեցյալների համար Հայ առաքելական բոլոր եկեղեցիներում սուրբ Պատարագ է մատուցվում, որի արարողության ժամանակ օծյալ քահանան մեկ առ մեկ կարդալով հիշատակում է բոլոր ննջեցյալների անունները և աղոթում նրանց հոգիների խաղաղության համար:
Հիշեցնենք, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաջարկով 2008-ի թվականի հունիսի 26-ի կառավարության նիստում որոշում է ընդունվել, ըստ որի՝ հիմք ընդունելով «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի հանրապետության օրենքի 17-րդ հոդվածը՝ տաղավար տոներին հաջորդող երկուշաբթին, հայտարարվում է ոչ աշխատանքային օր՝ Մեռելոց:
Հայ Առաքելական եկեղեցու տաղավար տոներն են Սուրբ Ծնունդը և Մկրտությունը, Սուրբ Հարությունը, Պայծառակերպությունը (Վարդավառը), Աստվածածնի Վերափոխման տոնը, Խաչվերաց տոնը:








































