Արդեն երրորդ տարին է, ինչ Սարդարապատում Հայ խոհարարական ավանդույթների զարգացման ու պահպանման ՀԿ-ն կազմակերպում է Տոլմայի փառատոն: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀԿ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանն ասաց, որ փառատոնի գաղափարը գործի դրվեց այն բանից հետո, երբ 2011 թվականին Ադրբեջանը հանդես եկավ հայտարարությամբ, թե մի շարք հայկական ուտեստներ ադրբեջանական են:
Ինչպես նշեց բանախոսը, իրենք դեռևս 2011-ին դիմել են «Ոսկե ծիրանին»՝ համատեղ անցկացնելու փառատոնը, և արդեն երրորդ տարին է՝ «Ոսկե ծիրանի» մասնակիցները փառատոնի օրը այցելում են Սարդարապատ:
Ասուլիսի մյուս բանախոս՝ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ներկայացուցիչ Վարդան Հակոբյանը նշեց, որ օտարերկրյա հյուրերին մրցույթից փոքր-ինչ կտրելը և մեր հայկական ավանդույթներին ծանոթացնելը նաև փոքրիկ խորամանկություն է, քանի որ մարդիկ, ովքեր առաջին անգամ են գալիս Հայաստան, տպավորվում են այն ամենով, ինչ տեսնում են. «Օտարերկրացիները եթե այստեղ առաջին անգամ են լինում և ինչ-որ բանով հյուրասիրվում են, մտածում են, որ դա հայերինն է և վերջ: Այս առումով շատ կարևոր է «Ոսկե ծիրանի» մասնակիցներին Սարդարապատ տանելը»:
Ինչպես փաստեց Սեդրակ Մամուլյանը, այն, ինչ կատարվում է Սարդարապատում, միայն ուտեստների ցուցադրություն չէ, այլ միջոցառումների շղթա, երբ մարդիկ ծանոթանում են ինչպես Սարդարապատի հուշահամալիրին և թանգարանին, այնպես էլ ազգային խոհարարական ավանդույթներին: Նրա հավաստմամբ՝ փառատոնը հնարավորություն է տալիս բազմազանություն և նորարարություն մտցնել, և նրանք փորձում են եղածով չբավարարվել և նորն ավելացնել:
«Անցյալ տարի 60-ից ավելի տոլմա էր ներկայացվել, այս տարի ևս կան նորամուծություններ, և մի հետաքրքիր գաղափար ունենք՝ կազմակերպել խաղարկային միջոցառում և ցուցադրել ամենաերկար փաթաթված տոլման: Եթե ստացվի, կառաջարկենք դա գրանցել Գինեսի գրքում»:
Ասուլիսին ներկա էին նաև «Երիտասարդություն» ՀԿ նախագահ Գևորգ Մկրտչյանը և ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը: Գևորգ Մկրտչյանը ընդգծեց, որ այս տարի են միացել նախաձեռնությանը, և նպատակն է երիտասարդներին ցույց տալ ազգային արժեքները. «Արմատների վերադարձի խնդիր կա, երիտասարդներին պետք է ծանոթացնել սեփական մշակույթին: Մենք արդեն ծրագիր ունենք քաղաքապետարանի հետ, որ մյուս տարի ավելի մեծ միջոցառումներ կազմակերպենք: Սփյուռքի նախարարությունն էլ է ցանկություն հայտնել մասնակցելու, և հուսով ենք՝ մյուս տարի ավելի մեծ միջոցառումներ կանցկացնենք»:
Ազգագրագետ Սվետլանա Պողոսյանն էլ, խոսելով մեր ազգային մշակույթի տարրերի մասին, ասաց, որ ազգային արժեքներին տեր կանգնելը շատ կարևոր է. «Պատահական չէ, որ այս կարևորագույն փառատոնը իրականացվում է Սարդարապատի տարածքում, մենք մշակութային հարուստ ժառանգություն ունենք, ոչ մի բան ապացուցելու կարիք չունենք, սակայն եթե տոլման մեր ազգային տարրերից մեկն է, պետք է խոսենք դրա մասին»:
Նրա փոխանցմամբ՝ տոլմա պատրաստելու համար պետք է ունենալ հմտություններ, մենք փաթաթում ենք տոլման, իսկ մնացած ազգերը լցոնում են. «Կան գավառներ, որոնք հարուստ են եղել բանջարեղենով, մսով տոլմայի հետ նաև լցոնված բանջարեղեն են օգտագործել: Տոլման այնքան հարգի է եղել, որ նույնիսկ սեղանին են դրել հարսանիքներին, ծնունդներին, կնունքներին, նաև՝ սգո արարողությունների ժամանակ»:
Նշենք, որ փառատոնն անցկացվելու է հուլիսի 10-ին՝ Սարդարապատում: Երևանից ուղևորափոխադրում չի լինելու, տոլման կունենա որոշակի խորհրդանշական գին:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի











































