Վրացական Apsny.ge կայքի փոխանցմամբ, Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն հերքել է այն տեղեկատվությունը, թե իբր Վրաստանն ու Թուրքիան համաձայնագիր են կնքել Բաթումում մշակույթի կենտրոնի փոխարեն մզկիթի կառուցման վերաբերյալ.
«Եկեղեցիների ու մզկիթների վերականգնման մասին թուրք-վրացական բանակցությունները դեռ շարունակվում են, և այս հարցը դեռ չի ստացել փաստաթղթի տեսք: Առայժմ երկու կողմերն ունեն իրենց դիտողությունները և մենք փորձում ենք այդ բանակցային գործընթացը հասցնել իր հաջող ավարտին:
Թուրքական կողմը ներկայացրել է իր դիրքորոշումը, որն այժմ դիտարկվում է մեր համապատասխան գերատեսչություններում»:
Հիշեցնենք, որ մարտի վերջերին Բաթումում մոտ 1500 մարդ էր մասնակցել անցյալ դարի կեսերին ավերված Ազիզե մզկիթի վերականգնման վերաբերյալ վրաց-թուրքական նախատեսվող համաձայնագրի դեմ բողոքի ակցիային: