Սեքսուալ «արկածների» մեջ մեղադրվող Արժույթի միջազգային հիմնադրամի նախագահ Դոմինիկ Ստրոս Կանը այս միջադեպից երկու շաբաթ առաջ լրագրողներին ասել էր, որ հնարավոր է՝ իր դեմ դավադրություն է կազմակերպվում: Դոմինիկ Ստրոս Կանը հատուկ շեշտել է, որ չարակամները կարող են օգտագործել կանանց նկատմամբ նրա թուլությունը:
Ապրիլի վերջին նա հանդիպել էր Libération ֆրանսիական թերթի հետ: Այն ժամանակ Ստրոս Կանն ասել էր, որ մտահոգված է իր նկատմամբ իրականացվող «հսկողությունից» և Ֆրանսիայի ՆԳ նախարար Կլոդ Գյանի (Claude Gueant) «վատ մտադրություններից»: Նա նաև խոսել է 2012 թ. նախագահական ընտրությունների մասին` մտահոգություն հայտնելով, որ իրեն կարող են վատություն անել` օգտագործելով ֆինանսական հարցերը, կանանց նկատմամբ ունեցած սիրո կամ հրեական ծագման փաստերը:
Ստրոս Կանը նույնիսկ ներկայացրել է հնարավոր սցենարը. «(Կարող է հայտնվել) ավտոկայանատեղում իբր բռնաբարված մի կին, որին կարող են 500 հազար դոլար վճարել այս պատմությունը հորինելու համար»:
Հիշեցնենք, որ ԱՄՀ ղեկավարը ձերբակալվել է երեկ Նյու Յորքի օդանավակայանում, երբ պատրաստվում էր թռչել Եվրոպա: Նրան մեղադրել են այդ քաղաքի հյուրանոցներից մեկում սպասուհուն բռնաբարելու փորձ կատարելու մեջ: