Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մելիքյանը, անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին, մասնավորապես՝ ՀԱԿ-իշխանություն երկխոսությանը, նշեց, որ ողջունում է այդ գործընթացը, քանի որ այն տվեց իր դրական արդյունքները թե՜ ներքին քաղաքականության մեջ, թե՜ ներքին կայունացման ավելացման բնագավառում և թե՜ արտաքին քաղաքականության բնագավառում:
Մելիքյանն ասաց, թե նկատվում է նաև լարված մթնոլորտի թուլացում, և ավելացրեց. «Միայն այն քաղաքական ուժերը, որոնց համար դժվարին իրավիճակ կարող է ստեղծվել առաջիկա խորհրդարանական ընտրություններում, կարող են այս երկխոսությունից դժգոհել՝ սեփական-անձնական կամ սեփական- քաղաքական նկրտումներից ելնելով»: Ըստ ՀՀԿ-ական պատգամավորի՝ երկխոսության արդյունքները պետք է գոհացնեն ժողովրդին, պետք է օժանդակեն մեր պետության, պետականության զարգացմանը և նպաստեն մեր պետության միջազգային հեղինակության ավելացմանը: