«Այս պահին Էրեբունի Բժշկական կենտրոնում 9 հիվանդ ունենք, որոնցից 6-ը ոստիկան են։ Մեկ ոստիկանն է բավական ծանր, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Ունի որովայնի հրազենային վիրավորում։
Վիրահատվել է, առավոտյան անջատվել արհեստական շնչառական սարքից և դրական տեղաշարժ կա»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցւոմ ասաց ԲԳԴ գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը։
Նա նշեց, որ դրական տեղաշարժ կա նաև երեկ ՊՊԾ գնդի տարածքից հիվանդանոց տեղափոխված երկու տղաների վիճակում։ Նրանք ունեցել են ոտքի հրազենային վիրավորում, բարեհաջող վիրահտվել են և նրանցից մեկին արդեն տեղափոխել են Դատապարտյալների հիվանդանոց։
Միքայել Մանուկյանը նշեց, որ քաղաքացիների շրջանում հրազենային վիրավորում ստացող չկա։ Քաղաքացիները ստացել են թեթև վնասվածքներ՝ սալջարդեր, փոքր վերքեր։ Մեկի ծնոտ է կոտրված, մյուսը գլխուղեղի ցնցում է ստացել։
Մանուկյանը նշեց, որ իրենք մանկահասակն երեխա չեն ընդունել հիվանդանոց։











































