Եվրամիությունում հնարավոր են համարում, որ հաջորդ տարի Ռուսաստանից կարող են հանել տնտեսության մեկ ոլորտի պատժամիջոցները, հայտնում է Reuters-ը` հղում անելով եվրոպացի դիվանագետի հայտարարությանը:
«Ամենայն հավանականությամբ, ոչ բոլոր պատժամիջոցները կհանվեն միաժամանակ, սակայն հնարավոր կլինի որոշում կայացնելու հաջորդ տարի դրանք տնտեսության մեկ ոլորտից հանելու մասին»,- հայտարարել է Reuters-ի զրուցակիցը:
Եվրոպական դիվանագետի կարծիքով` Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի Ռուսաստան այցելելու որոշումը Պետերբուրգյան միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ պայմանավորված է եղել այն մտահոգությամբ, որ հակառուսկան պատժամիջոցների հարցում ԵՄ-ն կորցնում է միասնությունը:
«Արդյունքում մենք տեսնում ենք, որ ավելի շատ երկրներ են կասկածում, ասում, որ իրենց անհրաժեշտ է վերլուծել պատժամիջոցները և գնահատել դրանց ազդեցությունը»,- ավելացրել է պաշտոնյան:
Reuters-ը պարզաբանում է, որ հիմնականում իրենց դիրքորոշումները փոխում են Եվրամիության այն երկրները, որոնց վրա ուժեղ ազդել են ռուսական պատժամիջոցները: Այդ երկրների կառավարությունները ավելի շատ ճնշում են զգում իրենց քաղաքացիների կողմից, հայտնում է գործակալությունը: Մասնավորապես խոսքը գնում է Եվրոպայի հարավի և արևելքի երկրների մասին` Իտալիայի, Հունաստանի, Հունգարիայի, Կիպրոսի, Սլովենիայի, Սլովակիայի և Բուլղարիայի:









































