Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանն ու Թուրքիան կարող են վերացնել երկրների միջև վիզային սահմանափակումները, այդ թվում նաև գործնական այցերի համար, եթե ապահովվի անվտանգության անհրաժեշտ մակարդակ: Այս մասին Թուրքիայի փոխվարչապետ Մեհմեթ Շիմշեքի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը:
Նա հավելել է, որ իրենք պայմանավորվել են ԱԳՆ-ի և իրավասու այլ մարմինների միջև խորհրդակցություններ անցկացնել վիզային ռեժիմի վերացման շուրջ:
Դվորկովիչի խոսքով՝ ռուս փորձագետները հրավիրվել են Թուրքիա՝ ստուգելու զբոսաշրջիկների համար անվտանգության միջոցառումների ապահովման հարցը, ինչից հետո հնարավոր կլինի վերսկսել չարտերային չվերթները:
Նա նաև հայտնել է, որ հուլիսի 26-ին խորհրդակցություններ կանցկացվեն Ռուսաստան թուրքական գյուղմթերքի մատակարարումների վերաբերյալ: Դվորկովիչի ու Շիմշեքի հանդիպման ժամանակ քննարկվել է նաև Աքքույուի ատոմակայանի կառուցման հարցը: