Մայիսի 14-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի անդամ երկրների ղեկավարներին ուղերձ է հղել, որտեղ հայտարարել է, որ հակահրթիռային պաշտպանության եվրոպական համակարգն արդյունավետ և կենսունակ կլինի միայն այն դեպքում, երբ Ռուսաստանն այնտեղ հավասար մասնակցություն ունենա: Այս մասին հաղորդում են ռուսական լրատվամիջոցները` մեջբերելով Կրեմլի տարածած հաղորդագրությունից:
«Ուղերձում նշվում է, որ ՀՀՊ եվրոպական համակարգը իրականում կարող է դառնալ արդյունավետ և կենսունակ միայն դրանում Ռուսաստանի հավասար մասնակցության դեպքում` շեշտելով վստահելի երաշխիքներ տալու անհրաժեշտությունը, համաձայն որի Եվրոպայում տեղակայվող հակահրթիռային համակարգերը չեն վնասելու ռազմավարական կայունությունը և ուղղված չեն լինելու կողմերից որևէ մեկի դեմ», ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ:
Եվրոպացի և ռուս պաշտոնյաները նշում են, որ ընդհանուր համակարգ ստեղծելու շուրջ բանակցությունները շատ դժվար են ընթանում, իսկ փորձագետներն էլ կարծիք են հայտնում, որ ընդհանուր համակարգի ստեղծումն անհնար է, քանի որ Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի անդամ երկրների դիրքորոշումներն առանցքային հարցերի շուրջ շատ տարբեր են: