Համակարգային ճգնաժամի դրսևորումների մասին Լևոն Տեր-Պետրոսյանը խոսել էր դեռևս իր նախընտրական ընտրարշավը սկսելիս: Իսկ սոցիալական ոլորտում չարաշահումների բացահայտումները դրա վառ դրսևորումներն են: Այս մասին մեզ հետ զրույցում նշեց ՀԱԿ ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը և հիմնավորեց. «Երբ պետությունը, կոռուպցիան, գողը ու ավազակները խառնվում են իրար և միասնական թիմ են կազմում, արդյունքում ստացվում է սա: Բայց սա առաջին դրսևորումն է:
Իհարկե, միայն Վազգեն Խաչիկյանը չէ այս ամենում մեղավոր, այլ վերևից ներքև` երկրի առաջին դեմքից մինչև ներքև գործող համակարգը: Չի կարող պատահել, որ նման համակարգը գործի, տարիներ շարունակ թալան իրականացնի, ու այդ մարդիկ տեղյակ չլինեին: Եզրակացությունը միանշանակ է. սրա մասին տեղյակ են եղել թե՛ երկրի ղեկավարությունը, թե՛ իրավապահ մարմինները, թե՛ տնտեսական ղեկավարությունը:
Վազգեն Խաչիկյանը եղել է կատարող: Այդպիսի երևույթներն ի հայտ են գալիս այն ժամանակ, երբ իրենց ներսում խնդիր է առաջանում: Եթե հիշում եք, նույնը կատարվեց Թամամյանի պարագայում: Դա նրանից չէ, որ մենք արթնացանք, ու մեր պետության մեջ ամեն ինչ փոխվեց միանգամից՝ մենք դարձանք հրապարակայնորեն գործող համակարգ և սկսեցինք իրականությունը ներկայացնել: Չէ, ինչ-որ մի բան խախտվել է, իսկ խախտումը կարող է լինել գումարը տեղ չհասցնելը: Ուրիշ այլ հանգամանք չկա, բարոյական նորմեր չեն փոխվում»,- մանրամասնեց Վահագն Խաչատրյանը: