Արմավիրի մարզի մի քանի գյուղերում դեռևս չեն լուծվել ծիրանի մթերման հետ կապված խնդիրները: Չնայած այն հանգամանքին, որ մայիսին ուժեղ կարկուտ տեղաց, բերքն այնքան առատ է, որ համապատասխան ընկերությունները չեն հասցնում մթերել ամբողջ ծիրանը, և գյուղացիները ստիպված են օրերով հերթ կագնել, որպեսզի իրենց ապրանքը մթերվի:
Խանջյանի գյուղապետ Սամվել Ավագյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ գյուղացիները ժամերով, օրերով հերթ են կանգնում, որ կարողանան իրացնել իրենց ապրանքը: Նա նաև նշեց, որ մթերում այժմ իրականացնում է «Սպայկա» ընկերությունը՝ մեկ կլիոգրամը 100 դրամով, իսկ արկղը՝ 1500 դրամով, 30-40 տոննա մթերում է «Սպայկան», 10-20 տոննա էլ անհատ մթերողները:
Նույն իրավիճակն էլ մարզի Մյասնիկյան գյուղում է։ Տեղի բնակիչներից մեկը նշեց, որ երկու օր հերթ է կանգնել և միայն դրանից հետո կարողացել է իր ծիրանը մթերման հանձնել։
Հացիկի գյուղապետ Արթուր Եղիազարյանն «Առաջին լրատվական»-ին ասաց, որ իրենց գյուղում այս պահին ամեն ինչ հանդարտ է, մթերում է «Նոյյան» ընկերությունը. մեկ կիլոգրամը՝ 50 դրամով:
Կան գյուղեր, որտեղ ծիրանի բերքն այնքան էլ առատ չէ, պատճառը նաև տեղացած կարկուտն է: Նաիրիի գյուղապետ Գեղամ Զիլիքյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց մոտ ծիրանը կհասնի 20-25 օրից, հիմա ցոգոլ է, իսկ կարկուտի պատճառով այս տարի բերքը քիչ է՝ նախորդ տարվա հետ համեմատությամբ։











































