«Իհարկե, այդ հարցն անպայման կքննարկվի և կորոշվի առաջին և երկրորդ նախագահների հարցաքննության նպատակահարմարությունը»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ հարցաքննության հրավիրվեն նաև առաջին և երկրորդ նախագահները` որպես Մարտի 1-ի իրադարձությունների անմիջական մասնակիցներ` ասաց ՀՔԾ ղեկավար Անդրանիկ Միրզոյանը:
Միրզոյանը նաև տեղեկացրեց, որ հաջորդ շաբաթվանից իրենք ավելի ծանրաբեռնված կաշխատեն Մարտի 1-ի գործի քննության առումով, քանզի այս շաբաթվա վերջին ՀՔԾ ներկայացել են այդ գործով վկաներ` նախկինում հարցաքննված և չհարցաքննված, որոնք, ըստ Միրզոյանի, հնարավոր է, որ նոր ցուցմունքներ տան:
«Հարցաքննության ուսումնասիրությունից երևում է, որ նրանց կարելի է լրացուցիչ հարցեր տալ, միգուցե կարողանանք ինչ-որ արդյունքի հասնել: Մենք հրավիրել ենք հնարավոր այն անձանց, ովքեր կարող են մեզ նոր տեղեկատվություն տալ»,- մանրամասնեց Միրզոյանը և հավելեց, որ Մարտի 1-ի գործը քննող քննչական խումբը համալրվել է և այժմ այն բաղկացած է 15 քննիչից:
Միրզոյանը նկատեց, որ այս ընթացքում էլ են իրենք աշխատել, սակայն այժմ հնարավորություն կա «մեկ այլ տեսանկյունից նայել քրեական գործի ամբողջ ընթացքը, թե ինչպիսի գործողություններ են տարվել, նոր հանգամանքներ կարելի է ուսումնասիրման առարկա դարձնել, տեսնել` կա՞, արդյոք, նոր փորձաքննությունների նշանակման հնարավորություն, նոր վկաների, ականատեսների, տուժողների ներկայացուցիչների լրացուցիչ հարցաքննության անհրաժեշտություն: Չի, բացառվում, որ գործի քննությանը կարող են ներգրավվել նաև արտերկրից հրավիրված փորձագետներ»:
ՀՔԾ ղեկավարը նաև նշեց, որ քննության ընթացքում անպայման կօգտագործվեն Մարտի 1-ի գործով Փաստահավաք խմբի տրամադրության տակ եղած նյութերը. «Փաստահավաք խումբը մեծ աշխատանք է կատարել և այդ աշխատանքի արդյունքում ձեռք բերված ցանկացած ապացույց դրվելու է մեր ապացույցների կողքին»:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը ապրիլի 20-ի հայտնի խորհրդակցությանը իրավապահ մարմիններին հանձնարարել էր Մարտի 1-ի գործով քննությանը նոր թափ հաղորդել` շեշտելով, որ դա իր համար անձնական կարևոր հարց է: