Վրացական Georgia Times կայքի փոխանցմամբ, Վատիկանը Վրաստանի համար բացել է նախկինում գաղտնի համարվող արխիվները: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին.
«Խոսքը գնում է այն արխիվների մասին, որոնցում պահպանվում են պատմական տեսանկյունից վրացական կողմի համար մեծ հետաքրքրություն ներկայացնող փաստաթղթեր: Մենք վաղուց էինք այս հարցով բանակցություններ վարում Վատիկանի հետ:
Մի քանի օր առաջ դրանք հաջողությամբ ավարտվել են, և մեր գիտնականները հնարավորություն ունեն ծանոթանալու նվազագույնը 10,000 փաստաթղթերի հետ, որոնց բովանդակությունը ցայժմ նրանց համար մնացել է անհայտ: Մասնագետները ենթադրում են, որ այդ նյութերն իրենցից ներկայացնում են պատմական մեծ արժեք»:
Վրաստանի մշակույթի նախարար Նիկոլոզ Ռուռուան իր հերթին նշել է, որ Վրաստանին առնչվող նյութերը Վատիկանի արխիվներում են պահվում 12-րդ դարից, երբ Վրաստանում հայտնվեցին առաջին միսիոներները:
Նշվում է, որ վրաց գիտնականների պատվիրակությունը Վատիկան է մեկնելու հունիսի վերջին` ուսումնասիրելու Վրաստանի պատմության 800 տարիներին առնչվող նյութերը: