ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանն իր հարցազրույցում անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցին և նշել, որ երբ 2008թ. Մարտի 1-ին Ռոբերտ Քոչարյանն իր հետ համաձայնեցնում էր արտակարգ դրություն հաստատելու մասին որոշումը, բանակի ներգրավվման մասին խոսք չի եղել:
Հիշեցնենք, որ Քոչարյանն իր վերջին հարցազրույցում նշել էր, թե ինքը մենակ չի գործել և իր քայլերը համաձայնեցրել է վարչապետի և ԱԺ նախագահի հետ:
«Հանրապետություն» կուսակցության անդամ, ՀԱԿ ներկայացուցիչ Սուրեն Աբրահամյանը «Առաջին լրատվականի» հետ զրույցում նկատեց, որ իշխանական ճամբարում սկսված այս «գզվռտոցը» պայմանավորված է նրանով, որ բոլորը ցանկանում են ապագայում խուսափել պատասխանատվությունից և փորձում են մեղքը մեկը մյուսի վրա գցել:
«Ճիշտ է, այդ ամենի հիմնական մեղավորը Ռոբերտ Քոչարյանն է, սակայն բոլոր նրանք, ովքեր համաձայնություն են տվել, որոշումներ են կայացրել` իրենց մասնակցությունն ու մեղքի բաժինն ունեն և դա քաջ գիտակցում են: Այդ գզվռտոցը միանգամայն սպասելի էր»,- ընդգծեց Աբրահամյանը:
Հարցին, թե ինչո՞ւ քննչական մարմինը ուշադրություն չի դարձնում նմանատիպ հարցազրույցներին և այս մարդկանց չի կանչում հարցաքննության, Աբրահամյանը պատասխանեց. «Քոչարյանի և՛ նախկին, և՛ այս վերջին հարցազրույցի մեջ հստակ երևում է, որ հենց Քոչարյանն է ի սկզբանե քննչական ծառայությանը ուղղորդել Մարտի 1-ն ընդդիմության վրա բարդելուն: Այդ պատճառով ես կասկածում եմ, որ երբևիցե քննչական մարմինը վերոնշյալ պաշտոնյաներին գոնե որպես վկա կկանչի հարցաքննության»: