Business Грузия-ի փոխանցմամբ՝ Վրաստանում գտնվող ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավարներից Դոնալդ Սթեյնբերգը և Վրաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Բասը մասնակցել են Holiday Inn հյուրանոցի բացմանը:
Այդ կապակցությամբ Սթեյնբերգը հայտարարել է. «Վրաստանում գործընթացները պետք է այնպես զարգանան, որ յուրաքանչյուր քաղաքացի զգա իրավիճակի բարելավումը: Դա կարող է լինել նոր աշխատատեղերի բացումը, կամ եկամուտների մեծացումը:
Վրաստանի քաղաքացիների համար հասանելի պետք է լինի առողջապահությունն ու կրթությունը: Վրաստանի տնտեսության բարելավումը կպահանջի որոշակի ժամանակ»:
Վրաստանի տնտեսության ու կայուն զարգացման նախարար Վեռա Կոբալիան իր հերթին նշել է, որ «Տնտեսության վերածնման նախաձեռնություն» քառամյա ծրագրի շրջանակներում Վրաստանն ԱՄՆ-ից կստանա 40 միլիոն դոլար (տարեկան 10 միլիոն դոլար).
«Այս ծրագիրն ունի կոնկրետ ուղղվածություններ. զբաղվածության, արտահանման և շրջանների զարգացում: USAID-ի ֆինանսավորումը կօգնի վրացական ընկերություններին ու գյուղատնտեսական ոլորտին բարձրացնելու իրենց մրցունակությունը»:
Հիշեցնենք, որ ապրիլի կեսին էլ նույն աղբյուրը հայտնեց, որ ԱՄՆ-ի կառավարությունն այս տարի 87 միլիոն դոլար է հատկացնելու Վրաստանին: