Հուլիսի 8-ին Վարշավայում բացվելիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը պետք է Ռուսաստանին ցույց տա Արևմուտքի վճռականությունը: Այս մասին գրում է Financial Times-ը:
Նշվում է, որ առաջիկա գագաթնաժողովը նախկինում ևս կարևոր էր համարվում Արևմուտքի և Ռուսաստանի վատացող հարաբերությունների պատճառով: Այժմ ԵՄ կազմից դուրս գալու բրիտանացիների որոշումից հետո հանդիպումը կլինի արևմտյան դաշինքի միասնության գլխավոր փորձություն: Գագաթնաժողովի ընթացքում անդամ-երկրները պետք է ընդունեն կոշտ և պոտենցիալ վիճելի որոշումներ՝ ուղղված Ռուսաստանի զսպմանը:
Ինչպես հայտնի է՝ Վարշավայում ՆԱՏՕ-ի ղեկավարները պետք է հաստատեն Լեհաստան և Բալթյան երկրներից յուրաքանչյուրը 1000 մարդուց կազմված 4 գումարտակ ուղարկելու իրենց որոշումը: Բացի դրանից՝ դաշինքը մտադիր է իր արևելյան սահմանների մոտ տեղակայել տանկեր և հրետանի:
FT-ն վստահություն է հայտնում, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը գագաթնաժողովի ընթացքում կհայտարարի միջազգային հարթակում հետագայում ևս կարևոր դեր խաղալու մտադրության մասին: Թերթը հիշեցնում է, որ Բրիտանիան ՆԱՏՕ-ի արևելյան թևում կգլխավորի 4 գումարտակներից մեկը: