«Մենք ստեղծել ենք ժողովրդական շարժում, ստեղծել ենք, բայց չենք սեփականաշնորհել: Այդ ժողովրդական շարժման թափն այսօր միավորում ենք նոր դեմքերով, պետք է նաև ընտրվի համակարգող խորհուրդ: Բոլորս կգործենք միասին»,- այսօր ԺԿ նախաձեռնած Հայրենասիրական ուժերի և անհատ քաղաքացիների համաժողովի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը:
Կարապետյանը նաև շեշտեց, որ իրենց ոչ աթոռ է պետք, ոչ սեղան, այլ պետք է հայ ժողովրդի բարեկեցությունը, լավ ապրուստը. «Այսօր խիստ պաշտոնական ձևով հայտարարում ենք, որ մենք ենք երրորդ ուժը»:
Հարցին, թե քանի՞ հայրենասիրական ուժ է արձագանքել իրենց հրավերին, ԺԿ առաջնորդ ասաց. «Ժամանակը ցույց կտա: Այսօր եկել են մեր համախոհները, որովհետև մենք կուսակցական խնդիր չենք դնում: Մենք դնում ենք համաժողովրդական խնդիր: Մեզ համար ամենակարևորն այն է, որ ժողովուրդը լավ ապրի, այդ պատճառով էլ մեր ջանքերը միավորելու ենք»:
Իսկ համաժողովի ընթացքում իր ելույթի ժամանակ Կարապետյանը անդրադարձավ ընդդիմություն-իշխանություն երկխոսությանը և նկատեց, որ դա նշանակում է, որ այդ ուժերը իրենց միջև կանխավ որոշել են գալիք ընտրությունների ելքը և «աթոռ են փոխանակում»: