Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ, Ռուսաստանը Թուրքիային վաճառել է Kornet-E տիպի հակատանկային հրթիռային համակարգեր: Այս մասին հայտարարել է ռուսական Рособоронэкспорт պետական կազմակերպության վաճառքի պատասխանատու Անատոլի Ակսենովը:
Նշվում է, որ 2008 թվականի օգոստոսին կնքված պայմանագրի համաձայն, Ռուսաստանն արդեն ավարտին է հասցրել Kornet-E հակատանկային հրթիռային համակարգերի մատակարարումը Թուրքիային, և վերջինս որևէ բողոք չի ներկայացրել ռուսական զենքի որակից: Այդ գործարքը գնահատվել է մոտ 70 միլիոն դոլար:
Kornet-E-ն առաջին անգամ 2006 թվականին գործածել է «Հիզբոլլահ» կազմակերպությունը` իսրայելական տանկերի դեմ: Այս հրթիռն ունի 60 կիլոգրամ ծանրություն, նրա զրահածակելիությունը գնահատվում է մինչև 1200 միլիմետր (մրցակիցների մոտ այդ ցուցանիշը կազմում է 900 միլիմետր), կրակոցի հեռահարությունը կազմում է մինչև 5 կիլոմետր:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի սկզբին թուրքական հետախուզության (MIT) հրապարակած հաշվետվության մեջ նշված էր, որ քուրդ զինյալներից խլված զենքի մեծամասնությունը մատակարարվել է Ռուսաստանից:
Մասնավորապես, խլված ինքնաձիգների 70 տոկոսը եղել են «Կալաշնիկով» տիպի ռուսական ինքնաձիգներ, իսկ խլված հակատանկային ականների նվազագույնը 85 տոկոսը քուրդ զինյալներին մատակարարել են զենքի առևտրով զբաղվող ռուս վաճառականները: