Վրացական Georgia Times կայքի փոխանցմամբ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը, ելույթ ունենալով ամերիկյան Հոպկինսի ինստիտուտում, հայտարարել է, որ Վրաստանը շարունակում է տարաձայնությունների առարկա մնալ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև.
«Մեր և Ռուսաստանի միջև գոյություն ունեն որոշակի տարաձայնություններ, որոնց թվում է նաև Վրաստանը: Մենք ճանաչում ենք Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և չենք ճանաչում Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախությունը: Մենք Ռուսաստանին կոչ ենք անում կատարել իր միջազգային պարտականությունները»:
Ռասմուսենը հավելել է, որ ՆԱՏՕ-ն ընդհանուր առմամբ ակտիվ երկխոսության մեջ է Ռուսաստանի հետ, սակայն վերջինս թերահավատորեն է նայում ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությանը.
«Մոսկվայում կարծում են, թե ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Արևելք սպառնում է Ռուսաստանի անվտանգությանը: Մենք համաձայն չենք այդ տեսակետին: Ընդհակառակը, երբ մենք դաշինքի մեջ ներառեցինք Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներին, տեսանք, որ դա նպաստում է կայուն միջավայրի ձևավորմանը»:
Հիշեցնենք, որ 2008 թվականի աշնանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ռուսաստանի անվտանգության համար սպառնալիք էր որակել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Արևելք: