Եվրոպան լքելու քարոզչության առաջնորդին՝ Միացյալ թագավորության անկախության կուսակցության ղեկավար Նայջել Ֆարաջին, Եվրախորհրդարանում կոչեցին ստախոս, աղմկեցին նրա ելույթի ժամանակ, մեղադրեցին նացիստական քարոզչության մեջ։
Բայց իր ելույթում Ֆարաջը խորհրդարանի անդամներին հայտարարեց՝ որպես քաղաքական նախագիծ՝ դուք տապալված եք։
Եվրոպական խորհրդարանը այս նիստից հետո պետք է բանակցի Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ, մինչդեռ Քեմերոնն ասում է, որ ինքը հրաժարական է տալիս, և դուրս գալու բանակցությունները պետք է վարի իր հաջորդը։
Բացելով խորհրդարանի նիստը՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Պիեռ Յունկերը ասաց, որ բրիտանական կառավարությունը պետք է պարզաբանի իր դիրքորոշումը։ Նա ասաց, որ բրիտանական ժողովրդի կամքը պետք է հարգվի, ինչին ծափահարեց անկախական Նայջել Ֆարաջը։ «Դուք պայքարում էիք դուրս գալու համար, բրիտանական ժողովուրդը քվեարկեց դուրս գալու օգտին, այդ դեպքում այստեղ ի՞նչ եք անում»,- դիմեց Ֆարաջին Յունկերը։
Նա նաև մեղադրեց Ֆարաջին ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի ֆինանսական հարաբերությունների, առողջապահական ֆոնդերի և այլ հարցերում ստելու մեջ։
Մյուսներն ավելի հեռուն գնացին. Բելգիայի նախկին վարչապետ Գայ Վերհոֆշտադը ասաց, որ Ֆարաջին մեղադրեց ֆաշիստական քարոզչության, իսկ մյուս առաջնորդ Բորիս Ջոնսոնին՝ իր նպատակին՝ վարչապետ դառնալու համար ողջ երկրի ճակատագրի հետ խաղալու համար։
Եվրոպական Ժողովրդական կուսակցության առաջնորդ Մանֆրեդ Վեբերն ասաց, որ կարգավորման ժամանակներն անցել են, և այժմ պետք է մտածել Եվրոպական նախագիծն իրագործելու մասին։ «Ներողություն եմ խնդրում բրիտանական ժողովրդից, իսկ քեզ՝ ամոթ»,- ասաց նա Ֆարաջին։
Հուզիչ էր շոտլանդական ազգային կուսակցության ներկայացուցիչ Ալին Սմիթի ելույթը։ Դիմելով եվրոպացիներին՝ նա ասաց. «Շոտլանդիան ձեզ չի դավաճանել, մի դավաճանեք Շոտլանդիային»։