Միակ բնաը, որ Brexit-ը կփոխի բրիտանացիների համար, այն է, որ նրանք կազատվեն Եվրոպական դատարանի տանջանքից: Այս մասին Daily Telegraph թերթի համար իր սյունակում վստահեցրել է Լոնդոնի նախկին քաղաքապետ, Բրիտանիայի պահպանողականների ղեկավարի հնարավոր թեկնածու Բորիս Ջոնսոնը, որը ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու արշավի ղեկավարն էր:
«Ես չեմ կարող չափազանցել՝ Բրիտանիան Եվրոպայի մաս է և միշտ կմնա: Նախկինի պես կպահպանվի ինտենսիվ և ուժեղացող եվրոպական համագործակցությունը և գործընկերությունը հսկայական թվով ոլորտներում՝ արվեստ, գիտություն, համալսարաններ, շրջակա միջավայրի բարելավում…»,- գրել է Ջոնսոնը:
Նա նշել է, որ միասնական շուկան և տեղաշարժման ազատությունը կպահպանվեն:
«Բրիտանացիները նախկինի պես կկարողանան մեկնել և աշխատել ԵՄ-ում, ապրել, շրջագայել, սովորել, տներ գնել և հարմարվել այնտեղ… Կպահպանվեն ազատ առևտուրը և հասանելիությունը միասնական շուկային: Բրիտանիան կա և կմնա եվրոպական մեծ երկիր, որը լուրջ լուծումներ է առաջարկում և ամեն ինչում առաջատար դիրքեր է զբաղեցնում…»,- նշել է Ջոնսոնը:
Նրա խոսքով՝ Լոնդոնը չի շտապում խզել հարաբերությունները Բրյուսելի հետ: «Միակ փոփոխությունը, որը տեղի կունենա և որը կարվի առանց որևէ հատուկ շտապողականության, այն է, որ Մեծ Բրիտանիան դուրս կգա ԵՄ չափազանց ոչ թափանցիկ օրենսդիր համակարգից,- գրել է Ջոնսոնը:- Դա կրում է ոչ թե սպառնալիք, այլ հրաշալի հնարավորություններ այս երկրի համար՝ օրենքներ ընդունել և հարկեր սահմանել Մեծ Բրիտանիայի կարիքներին համապատասխան»:










































