Թուրքիայում տեղի է ունեցել ոչխարների զանգվածային ինքնասպանություն: Ինչպես գրում է РИА “Новости”-ն` հղում անելով Ջիհան գործակալությանը, դեպքը տեղի է ունեցել Էրզինջան քաղաքի մոտակայքում, երբ Մեհմեդ Գանա անունով հովիվը ոչխարներին քշել է սարերի միջով դեպի շուկա, որպեսզի վաճառի Ղուրբան-բայրամ տոնից յոթ օր առաջ: Հանկարծ անհասկանալի պատճառով կենդանիներից մեկը ցատկել անդունդը, և մյուս 52 ոչխարները հետևել են նրա օրինակին: Մեհմեդին չի հաջողվել կանգնեցնել ոչխարներին. նրանք բոլորը ջարդուխուրդ են եղել` փաստորեն հրաժարվելով վայելել կյանքի վերջին յոթ օրերը:
Հիշեցնենք, որ 2005 թ. թուրքական ոչխարներն էլ ավելի զանգվածային ինքնասպանություն էին կատարել: Այն ժամանակ, ըստ Associated Press-ի, կրկին մեկ ոչխարի օրինակին էին հետևել նրա մոտ 1500 ընկերներ, որոնցից սատկել էին 450-ը, մնացածը փրկվել էին շնորհիվ այն բանի, որ ընկել էին դիակների կույտի վրա: Հոտի սեփականատերը կրել էր մոտ $100 հազարի կորուստ:









































