Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Արգենտինայի մարդու իրավունքների պետական քարտուղար Կլաուդիո Ավրուխի և ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիային:
Հանդիպմանը քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել Հայաստանում և Արգենտինայում մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների օրենսդրական և գործնական ամրապնդման խնդիրներին:
Կողմերն իրենց պատրաստակամությունն են հայտնել մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող և երկուստեք առաջնահերթություն ունեցող մի շարք ոլորտներում ամրապնդել և ընդլայնել համագործակցությունը:
Պարոն Ավրուխն ու դեսպան Ուրրիոլաբեիտիան կարևորել են Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի ու նրա աշխատակազմի ակտիվ գործունեությունը և պատրաստակամություն հայտնել քննարկել հնարավոր համագործակցության եզրեր:
Արման Թաթոյանը, բարձր գնահատելով մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում արգենտինական փորձը, իր հերթին արժևորել է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական արժեքների ամրապնդման կարևորությունը, ինչպես նաև արգենտինացի փորձագետների հետ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համատեղ ծրագրեր նախաձեռնելու և համագործակցության ոլորտներն ընդլայնելու իր պատրաստակամությունը:










































