Այսօր ՄԱԿ-ի կենտրոնակայանում տարածվել է ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Կարեն Նազարյանի նամակն` ուղղված կազմակերպության Գլխավոր քարտուղար Բան Կի Մունին։
Դեսպան Նազարյանը նամակում նշել է, որ անբարոյական են կեղծիքներ տարածելու և երեխայի կյանքը որպես քարոզչության գործիք օգտագործելու նպատակով Ադրբեջանի փորձերը: Նման ջանքերի փոխարեն Ադրբեջանը պետք է հրաժարվի շփման գծում սադրանքների իր արկածախնդիր պրակտիկայից, ինչը լուրջ վտանգ է ներկայացնում տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը:
Այդ գործողությունները կոպտորեն խախտում են 1994թ. Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև ստորագրված հրադադարի համաձայնությունը:
Նամակում ասվում է, որ Ադրբեջանը պետք է հարգի ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչերը` շփման գծից դիպուկահարներին հանելու մասին: