Մյունխենի մարզային դատարանը որոշում է կայացրել 5 տարվա ազատազրկման դատապարտել ծնունդով ուկրաինացի Իվան Դեմյանյուկին, որին մեղավոր են ճանաչել Սոբիբոր համակենտրոնացման ճամբարի 27,900 հրեաների սպանությանն աջակցելու մեջ: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը:
Դեմյանյուկի դեմ դատավարությունը սկսվել էր դեռ 2009 թ. և երկար տևեց այն պատճառով, որ նա առողջության հետ կապված խնդիրներ ուներ: Դեմյանյուկը հրաժարվել է վերջին խոսքից: Ավելի վաղ նա դատարանին ասել էր, որ ինքն էլ է դարձել նացիստների զոհ` իր կամքին հակառակ արտաքսվելով Գերմանիա:
Նրա փաստաբանները պնդում էին, որ Դեմյանյուկի անունով նացիստական Գերմանիայի հատուկ ծառայությունների վկայականը չի համապատասխանում իրականությանը և կեղծ է: Այդուհանդերձ, գերմանացի փորձագետները հաստատել էին դրա իսկությունը, քանի որ դրա որոշ տարրեր անհնար է կեղծել: