Ամբողջ աշխարհում է հայտնի «Նյուտոնի և խնձորի» մասին առասպելը, երբ գիտնականը, գլխին ընկած մրգի շնորհիվ, գիտակցել ու ձևակերպել է տիեզերական ձգողականության մասին իր հռչակավոր օրենքը:
Երկկողմանի այս հարաբերության մի կողմը՝ ծառը, սակայն, ստիպված է եղել թանկ վճարել այդ լեգենդի և իր հանրաճանաչության համար: Հազարավոր այցելուներ ամեն տարի գալիս են սըր Իսահակ Նյուտոնի տան բակ, որտեղ դեռ կանգուն է հայտնի ծառը` վնասելով նրա արմատները: Այն պաշտպանելու նպատակով նրա շուրջ պատնեշ է կառուցվել, հաղորդում է The Daily Mail-ը:
Այսուհետ այցելուները չեն կարող պառկել ծառի տակ, ակնկալելով թե նրա պտուղներից մեկը կընկնի իրենց գլխին` «ներշնչելով հետաքրքիր մտքեր»: Ծառի պահպանության համար պատասխանատու Էն Մոյնիհանն ասել է, որ մինչև հիմա ոչ մի խնդիր չի եղել: Սակայն դրանք կարող են առաջանալ, քանի որ տարեց տարի աճում է այցելուների քանակը: Անցյալ երեք տարիների ընթացքում այցելուների քանակը հասել է տարեկան 33 հազարի։