Կոնգրեսականներ Էդվարդ Մարկին և Ջո Բարթոնը խնդրել են Facebook սոցիալական ցանցի հիմնադիր և ղեկավար Մարկ Ցուկերբերգին ներկայացնել սոցցանցի անվտանգության համակարգի այն բաց տեղերը, որոնք գովազդատուներին թույլ են տալիս ստանալ օգտատերերի անձնական տվյալները: Այս մասին գրում է The Los Angeles Times-ը:
«Մենք մտահոգված ենք գոյություն ունեցող խնդրով, որը երկար ժամանակ աննկատ էր մնում և կարող է այս կամ այն կերպ ապագայում էլ կրկնվել»,- ասված է Մարկիի և Բարթոնի նամակում:
Հիշեցնենք, որ երեկ Symantec ընկերությունը հայտարարել էր, որ Facebook սոցիալական ցանցերում բազմաթիվ բաց տեղեր կան, և մոտ 100 հազար հավելվածների միջոցով հնարավոր է ոչ միայն ստանալ օգտատիրոջ տվյալները, այլ նրա անունից նամակներ հղել և կարդալ անձնական նամակագրությունը:
Facebook-ում նույն օրը նշեցին, որ անմիջապես ուսումնասիրել են բարձրացված խնդիրը և նման «անցքեր» չեն հայտնաբերել: Facebook-ի ղեկավարությունը նաև պատասխանել է կոնգրեսականների նամակին` հայտնելով, որ պատրաստ են քննարկել բարձրացված հարցերը: