Երկրում ներքին լարվածությունը երբեք այսքան սրված չի եղել, որքան այսօր: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանը՝ խոսելով ներքաղաքական զարգացումների մասին:
Աղվան Վարդանյանը նշեց, որ այս փուլում, որքան էլ չերևացող, ՀՅԴ-ն ակտիվ ներքին քննարկումներ է իրականացնում՝ վերաիմաստավորելու իր բացթողումները, սխալները, հասկանալու երկրի իրական վիճակը և այդ իրավիճակում պարզելու ՀՅԴ դերակատարությունը: Ըստ նրա՝ պարզ է, որ իրենք դեռևս չեն կարողացել վստահություն, հավատ և իրենց կողքին կանգնելու վստահություն առաջացնել հանրության շրջանում, ուստի ներկայիս շրջանը ներքին բարեփոխումների շրջան է, որին հասարակությունն ականատես կլինի առաջիկայում: Ուստի, բանախոսի փոխանցմամբ, առաջիկա մեկ տարվա ընթացքում ՀՅԴ-ն պետք է զբաղվի իր ներքին բարեփոխումներով և փորձի վերականգնել հասարակության զգալի հատվածի հավատն ու վստահությունը, իսկ դրա հիմքերը կան՝ ՀՅԴ-ից հասարակության սպասելիքները շատ են:
«Շատ բաներ ենք անելու՝ անկախ նրանից, թե ինչ տրամադրություններ են երկրում, անկախ մարդկանց անտարբերությունից: Տասնյակ հազարավոր մարդկանց այս վիճակը չի բավարարում, և նրանք ուզում են արդար երկիր ունենալ; Մենք այս առումով հսկայական անելիք ունենք»,- նկատեց Աղվան Վարդանյանը:
Անդրադառնալով իշխանության գործելակերպին այս շրջանում ՝ Աղվան Վարդանյանն ասաց, որ իշխանության գործողությունները մակերեսի վրա են: Նրա գնահատմամբ՝ հիմա, երբ իշխանությունը կենտրոնացված է, քաղաքական մեծամասնություն է, սկսվել են տարաձայնություններ, հակասություններ հենց իրենց ներսում, որը պարզ չէ՝ ուր է տանում:
«Մեր քաղաքական համակարգը գերմոնոպոլացված է, բոլորը սպասում են, թե ՀՀ նախագահն ինչ կասի: Այս լուռ ներքին հակամարտությունը դեռ շատ ջուր է քաշելու: Որպես քաղաքացի՝ կցանկանայի, որ հանրապետության նախագահն ուղերձով դիմեր ժողովրդին: Հարցերն այնքան շատ են, որ նման ելույթի անհրաժեշտություն կա, անհրաժեշտություն կա, որ տրվեն այս փուլի մեր երկրի ուղենիշները, զարգացման հնարավորությունները, և հստակ խաղի կանոններ թելադրվեն: Նման համընդհանուր գնահատականի անհրաժեշտություն կա, այլապես ստեղծվում է մի վիճակ, երբ ունենալով բացարձակ իշխանություն՝ նույն այդ իշխանությունը համարժեք չէ ստեղծված իրավիճակին, ավելին՝ իրենց գործողություններն ավելի են խճճում ողջ պրոցեսը և ներքին հակասությունները:
Մենք կարծես քայլ առ քայլ տանուլ ենք տալիս հոգևոր, մշակութային, բարոյական արժեքները: Ամբողջ հասարակությունը նահանջի մեջ է, բնականաբար՝ նաև քաղաքական ուժերը, նրանք միատարր չեն, ինչպես Հանրապետական կուսակցությունը, որը դարձել է ծայրահեղությունների կոնգլոմերատ:
ՀՅԴ-ից ակնկալիքը մեծ է, բայց մենք էլ ունենք մեր ներքին խնդիրներն ու դժվարությունները, թեև ես համոզված եմ, որ մենք այս վիճակից դուրս կգանք: Մենք բոլորս նույն ժողովուրդն ենք և պետք է կարողանանք համատեղ լուծումներ գտնել, ուստի առաջարկում ենք փոխել այս կառավարման համակարգը, իսկ իշխանությունն ու ընդդիմությունը պետք է փոխլրացնեն իրար»,- նշեց նա:











































