«Հանրապետություն» կուսակցության անդամ Սուրեն Աբրահամյանի գնահատմամբ, Ռոբերտ Քոչարյանի քաղաքական դաշտ վերադառնալու հավանականությունը շատ ցածր է:
Անդրադառնալով ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հայտարարությանը, թե չի բացառվում, որ Ռոբերտ Քոչարյանը նախագահական ընտրություններին կակտիվանա, Աբրահամյանը նշեց. «Չի բացառվում, որ այդ ցանկությունները երկուստեք լինեն, բայց, իրատես լինելով, պետք է ասել, որ Քոչարյանը Հայաստանի քաղաքական դաշտի համար ցավոտ, բայց անցած էջ է»:
«Առաջին լրատվականի» հետ զրույցում Աբրահամյանը նաև ընդգծեց, որ Քոչարյանի և Դաշնակցության միջև «վաղուց է` սեր կա», և նման հայտարարությունները այդ սիրո արտահայտությունն են: