«Սերժ Սարգսյանը, ինչպես և մենք բոլորս, գոհ չէ այն ընթացքից, որը եղել է Մարտի 1-ի գործի բացահայտման շուրջ, և շատ լավ է, որ հանձնարարականներ են տրվել նոր թափով այդ ամենը քննելու և բացահայտելու»,- կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը:
Հարցին, թե քաղբանտարկյալների ազատ արձակումը ե՞րբ է հավանական համարում, Աճեմյանը պատասխանեց. «Ես չեմ կարող ասել, դա նախագահն է որոշում: Կարծում եմ, որ այն առաջարկները, որոնք արվել են` հաշվի կառնվեն: Ես մայիսի 9-ի մասին չեմ լսել, մայիսի 28 եմ լսել»:
Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգի Մարտի 1-ի իրադարձությունների մասին զեկույցի մասին խոսելիս ՀՀԿ-ական պատգամավորը նշեց, որ համաձայն է այն դրույթի հետ, որ Մարտի 1-ի իրադարձությունների բացահայտման արդյունքները տեսանելի չեն, սակայն ընդգծեց, որ դեռևս Համարբերգի զեկույցից առաջ Սերժ Սարգսյանը հանձնարարականներ է տվել այդ դեպքերը մանրամասն քննելու վերաբերյալ:
Աճեմյանը նաև հավելեց, որ Համարբերգի զեկույցում կան դրույթներ, որոնք պետք է քննարկել, իսկ թե որոնք են դրանք, պատգամավորը չնշեց` պատճառաբանելով, որ դրանք իրավական ոլորտի մասնագետների քննարկման հարց են: